Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անաղմուկ այցը Քոթսվոլդսի պատմական պաբերից մեկը արագորեն դարձել է առցանց բանավեճերի առարկա՝ արտացոլելով այն ուշադրությունը, որը շարունակում է ուղեկցել զույգին: The Blast-ի հաղորդմամբ՝ Սասեքսի դուքսն ու դուքսուհին հոկտեմբերի 1-ին ձեռքբռնած նկատվել են Օքսֆորդշիր նահանգի Գրեյթ Թյու բնակավայրում գտնվող The Falkland Arms պաբ մտնելիս: Սա նրանց առաջին համատեղ հանրային հայտնվելն էր Մեծ Բրիտանիայում՝ երկիր վերադառնալուց ի վեր:
Հանրային այցը և առցանց քննադատությունը
Թեպետ հաստատության ներսում զույգը, ըստ ականատեսների, պահել է որպես սովորական հաճախորդ՝ պատվիրելով ավանդական բրիտանական ուտեստներ, պաբի մոտ արված լուսանկարները սոցիալական ցանցերում սուր քննադատության ալիք են բարձրացրել: Որոշ օգտատերեր մեղադրել են զույգին անգլիական գյուղական վայրերը «հոլիվուդյան կրկեսի» վերածելու մեջ՝ կասկածի տակ դնելով նման այցերի լուսաբանման նպատակահարմարությունը:
Անվտանգության մտահոգությունները և լուսանկարների շուրջ կասկածները
Հասարակական արձագանքը սրվել է նաև վերջին միջադեպերի ֆոնին: Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սասեքսները մտահոգություն էին հայտնել դպրոցի մոտ իրենց երեխաներին հետևող լուսանկարիչների կապակցությամբ՝ այդ վարքագիծը որակելով որպես «անընդունելի ներխուժում»:
Սոցցանցերի որոշ օգտատերեր կապել են այս երկու իրադարությունները՝ հարց բարձրացնելով, թե ինչպես կարող է զույգը դժգոհել անվտանգությունից և միևնույն ժամանակ հայտնվել հանրային վայրերում արված լուսանկարներում: Միևնույն ժամանակ, չկա որևէ հիմնավոր ապացույց, որ պաբի լուսանկարները բեմադրված են եղել, և զույգի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել միջադեպը:
Ընտանեկան լարվածությունը և թագավորական կարգավիճակը
Պաբ կատարված այցի շուրջ ծավալված բանավեճը տեղի է ունենում խիստ լարված ընտանեկան հարաբերությունների ֆոնին: AOL-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ըստ տեղեկությունների, լռելյայն վերաբերմունք է ցուցաբերում արքայազն Հարիի նկատմամբ՝ դժգոհելով հարկատուների հաշվին պահվող անվտանգության հարցում նրա շարունակական պահանջներից: Աղբյուրները նշում են, որ չնայած Հարիի հաշտվելու ցանկությանը, արքունական պալատը պահպանում է կոշտ դիրքորոշում՝ հաստատելով, որ Սասեքսները չեն վերադառնալու որպես աշխատող թագավորական անդամներ:

