ՊՍԺ-ն փորձում է բարելավել թիմի հարձակվող Նեյմարի հեղինակությունը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Նշենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին բրազիլացու տեղափոխությունը «Բարսելոնա» խափանվեց:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, փարիզյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են երկրպագուական շարժումների առաջնորդների հետ ու հորդորել նրանց թիմի խաղերի ժամանակ չվիրավորել բրազիլացուն:
Ֆանատների ղեկավարներից մեկը հայտնել է, որ Նեյմարն իրենց համար միևնույնն է և իրենք կենտրոնացած են ՊՍԺ-ին աջակցելու վրա: Մեկ այլ երկրպագու ընդգծել է, որ բրազիլացին պետք է բարեխղճորեն կատարի իր աշխատանքը՝ մոռանալով «Բարսելոնա» վերադառնալու մասին սկանդալային հայտարարությունները:
Նշենք, որ ֆրանսիական ակումբի հետ Նեյմարի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
