ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանի վրա ագրեսիա չի եղել, իսկ Արցախում տեղի ունեցած պատերազմը դուրս է Հայաստանի իրավասությունից, արտահայտում է ոչ միայն Ռուսաստանի՝ որպես դաշնակցի անպատասխանատու կեցվածքը, այլ նաև փորձում է քաղաքականորեն օրինականացնել ՀԱՊԿ-ի անգործությունը։
Պուտինի պնդումը, թե Հայաստանի վրա հարձակում չի եղել, խիստ անհամապատասխան է իրականությանը։ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանական ուժերը օկուպացրել են տարածքներ, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Այս տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան անտեսելն նշանակում է ոչ միայն հերքել ակնհայտ փաստերը, այլև խուսափել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի պարտականություններից՝ պաշտպանել անդամ երկրի անվտանգությունը։ ՀՀ-ն չունի «սուվերեն» և «ոչ սուվերեն» տարածքներ. ամբողջ ՀՀ-ն ճանաչված է միջազգային սահմաններով, և այդ փաստը չի կարող քննարկման առարկա լինել։
ՀԱՊԿ-ի կեցվածքը, ինչպես նաև Պուտինի հայտարարությունները, կառուցված են Հայաստանի և Արցախի նկատմամբ իրենց քաղաքական անգործությունը արդարացնելու վրա։ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված է անդամ երկրների անվտանգության ապահովումը՝ անկախ նրանից, թե հարձակումն ուղղված է սահմանային տարածքներին կամ այլ հատվածներին։ Արցախի պատերազմն ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան ուղղակիորեն առնչվում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը, և ՀԱՊԿ-ի ցանկացած փորձ՝ խուսափելու իր պարտականություններից, քաղաքականապես և իրավաբանորեն անհիմն է։
Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես իրենց անգործությամբ նպաստել են նման իրավիճակի առաջացմանը։ Արցախի անկախության կամ Հայաստանի մաս լինելու իրավական ճանաչման բացակայությունը թույլ է տվել Ռուսաստանին և Ադրբեջանին օգտագործել այս փաստարկը՝ Հայաստանի շահերին հակասող որոշումներ կայացնելու համար։ ՀԱՊԿ-ում մնալու քայլը, որը իշխանությունները արդարացնում են որպես «դիվանագիտական մանևր», փաստացի որևէ իրական արդյունք չի տալիս։ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանի շահերը, այլև հանդես է գալիս Ադրբեջանի և Թուրքիայի շահերին համապատասխան հայտարարություններով։ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի հստակ ուղերձ միջազգային հանրությանը, որ Հայաստանը այլևս չի ճանաչում այսպիսի կառույցների հրեշավոր քաղաքականությունը։
Պուտինի դիրքորոշումը ոչ միայն վնասում է Հայաստանի շահերին, այլև նպաստում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած հավակնություններին։ Արտահայտելով, որ Հայաստանի անվտանգությունը չի խախտվել, ՌԴ-ն փաստացի սատարում է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին՝ Սյունիքի միջանցքի միջոցով վերահսկողություն հաստատել տարածաշրջանի վրա։ Այս կեղծիքներով Ռուսաստանը միայն խորացնում է իր վարկաբեկումը որպես տարածաշրջանային խաղաղության երաշխավոր։
Պուտինի հայտարարությունները և ՀԱՊԿ-ի անգործությունը ցույց են տալիս, որ Ռուսաստանը և այս կառույցը այլևս չեն կարող համարվել Հայաստանի դաշնակիցներ։ Հայաստանը պետք է ընդունի, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն կարողանում արդյունավետորեն պաշտպանել երկրի շահերը, այլև թողնում են դռները բաց թշնամիների համար։