Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով:
«Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», – ասել է Ֆրանսիայի նախագահը:
Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին:
«Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը: Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով:
Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիայում է նախագահ Մակրոնի հրավերով: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկ Պուտինին ընդունել է իր ամառային նստավայրում: