Կրեմլի Եկատերինյան դահլիճում կայացել է Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Պարգևատրվածների ցուցակում էր նաև լեգենդար ռուս գիտնական-բևեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, որին Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, թանկագի՛նս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բևեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,-ասել է Չիլինգարովը պարգևատրման արարողության ժամանակ:
Արկտիկայի և Անտարկտիկայի խորհրդային ու ռուս հետազոտող, գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը 2008 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից պարգևատրվել էր Ռուսաստանի հերոսի կոչմամբ: