Մայիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելությունը, որն ըստ սահմանված կարգի՝ տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի:
Ընդունելության եկած քաղաքացիների դիմումները տարբեր էին և կապված էին ազատազրկված անձանց առողջական, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալ հարազատներին մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հարցերի հետ:
Նախկինում առողջական խնդիրներ ունեցող, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վիրահատված և բուժում ստացած դատապարտյալի հարազատները եկել էին ընդունելության՝ նախ անձամբ շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնելու Ծառայության պետ Ա. Մխոյանին, բուժող և վիրահատող բժիշկներին՝ ցուցաբերած հոգատարության, մարդկային վերաբերմունքի և մոտեցման համար, ինչպես նաև խնդրելու, որ հնարավորության դեպքում իրենց հարազատի համար կազմակերպվի ևս մեկ ստացիոնար բուժում: Վերջիններիս Ծառայության պետը մանրամասն ներկայացրեց դատապարտյալներին ստացիոնար բուժում տրամադրելու գործընթացը՝ հավելելով, որ վերոնշյալ դատապարտյալը կարող է բուժօգնություն ստանալ նաև տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկների որոշմամբ նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ուսումնասիրելով ընդունելության եկած մյուս քաղաքացիների խնդրանք-դիմումները, որոնք արդեն վերաբերում էին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը և դատապարտյալների տեղափոխմանը մեկ այլ հիմնարկ, Ա. Մխոյանը յուրաքանչյուրին տվեց հանգամանալից պատասխաններ՝ բացատրելով այդ հարցերի լուծման՝ օրենքով սահմանված ընթացակարգերը:
Քաղաքացիները Ծառայության պետին հայտնեցին իրենց անկեղծ շնորհակալությունը ընդունելության, լիարժեք պատասխանների և օժանդակության համար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։