Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռևս չի ստորագրել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, որը նա ներկայացրել է այս ամսվա սկզբին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկությունը. ուղղորդեց քաղաքապետարանից ճշտել:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ևս չմեկնաբանեց ոչինչ: Մեր տեղեկություններով քաղաքապետը շուտով կստորագրի Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, պարզապես անհայտ պատճառներով այն փոքր-ինչ ձգձգվում է: Ամենայն հավանականությամբ նա ստորագրելուց հետո կստորագրի նաև այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը:
Կենդանաբանական այգու տնօրենին ազատման դիմում գրելու Մարությանի առաջարկը կապված էր վերջին օրերին այգում բազմակի կենդանիների անկումների հետ: Նրա համոզմամբ՝ կենդանաբանական այգու ղեկավարությունը չէր կարողացել ամբողջական ռիսկերը գնահատել և իրավիճակային լուծումներ տալ, որպեսզի տեղի չունենար այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին:
Այգու աշխատակիցներից տեղեկացանք, որ Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենն արդեն Հայաստանում է, սակայն պաշտոնական նշանակումը դեռ չի արվել: Երկար տարիներ Թեհրանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը զբաղեցրած կենդանաբույժը հրաժարվել էր Թեհրանում իր պաշտոնից և եկել Հայաստան: Հրավիրյալ մասնագետի գալուց հետո այգին ունի երեք կենդանաբույժ: Այգու աշխատակիցները չեն բացառում նաև, որ հրավիրյալ փոխտնօրենը կարող է զբաղեցնել տնօրենի ԺՊ-ի պաշտոնը: Մինչ այդ քննարկվում էր, որ տնօրենի պաշտոնակատար է նշանակվելու այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը:
Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նշանակումը կարող է լինել միայն մրցութային կարգով:
Գրում է Armtimes-ը։