fbpx
Խորհրդարան

Քանի՞ աշխատատեղ կկրճատվի, և ովքե՞ր դուրս կմնան օպտիմալիզացման արդյունքում

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ այնմ՝ նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը, որը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում:

Ըստ նախագծի 17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն, կկրճատվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

«Նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը, հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծի փաթեթով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, միաձուլել ԿԳ, մշակույթի, սպորտի նախարարությունները, բոլոր լիազորությունները պահպանվելու են, նախարարությունն իր լիազորությունները կատարելու է հավասարաչափ: Սփյուռքի նախարարությունը միավորվելու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Դա չի ենթադրում Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կարգավիճակի իջեցում, այլ եռաստիճան կառավարման համակարգ է ձևավորվելու»,- ծրագիրը ներկայացնելիս ասել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը վերաբերելու են քաղ և հայեցողական պաշտոններին, նախարարներին, տեղակալներին, օգնականներին, քաղծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին և նրանց տեղակալներին, մամուլի քարտուղարներին: Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ: Միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարություն՝ բացառությամբ նշված պաշտոնների: Մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող` աջակցող ստորաբաժանումների գործառույթները, որոնց թիվը կկրճատվի մի քանի հարյուրով:

Օպտիմալացումն իրականացվել է ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ բոլորի համար ապահովելով հավասար մրցակցային պայմաններ: Միացվող պետական կառավարման մարմինների քաղծառայողները կվերանշանակվեն մինչև վերապատրաստումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր մարմնում, չհամաձայնվելու դեպքում կարող են գրանցվել կադրերի ռեզերվում», – շարունակեց նախարարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց նախարարին.

«Որևէ հարց խնդրում եմ չանձնավորել: Կոնկրետ քանի՞ հաստիք կամ աշխատատեղ է կրճատվելու առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում, ի՞նչ արժե այդ հաճույքը, և ԲՀԿ-ն միշտ կարևորել է մշակույթի ու սփուռքի դերը և մեզ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս նախագծի հետ կապված հարցերի քննարկում եղել է մշակույթի գործիչների կամ սփյուռքի ներկայացուցիչների հետ»:

Ինչին ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց.

«Մեզ համար այս բարեփոխումը կասկածելի չէ: Կրճատվող հաստիքների թիվը կլինի մի քանի տասնյակ` քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, տեղակալներ, օգնականներ: Կրկնվող ստորաբաժանումների պարագաներում այդ կրճատումների թիվը կլինի մի քանի հարյուր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ