ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որը Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ, հայտարարել է, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստանի» հստակ դիրքորոշումը՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու:
«Մեր խմբակցությունով շատ արագ քննարկում ունեցանք, ու ես հիմա ներկայացնում եմ մեր խմբակցության դիրքորոշումը: Այն հստակ է՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, ու նա պետք է որոշի», – նշել է նա:
Քաղաքացու դիտարկմանը՝ ճի՞շտ չէր լինի նախկին իշխանությունների ժամանակ իրենք թույլ չտային, որ Ամուլսարում գործընթացներ սկսվեին ու ոչ թե հիմա ցույց տային, որ ժողովրդի կողքին են՝ պատգամավորը պատասխանել է. «Ես եկել եմ ներկայացնելու «Բարգավաճ Հայաստանի»՝ հենց նոր կայացրած որոշումը: Չի կարելի անտեղի աղմկել, վիրավորել ու նախորդ տարիները հիշել: Հիմա ասում եմ՝ իշխանությունը ժողովուրդն է, նա է որոշելու: Ժողովուրդն էլ հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ ԱԺ այգին բացվեց, որ ժողովուրդը ազատ մուտք ունենա: ԱԺ այգու մոտքն արգելափակած ոստիկանների գործողությունները պատգամավորը որակեց ոչ իրավաչափ: «Երբ այգին բացում էիք՝ ասում էիք՝ «ժովուրդ ջան, սա ձերն է»: Բա ո՞նց եղավ, որ այս պահին իրենցը չի»,-ասել է նա:
Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկամն արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, սակայն ոստիկանները պատ կազմեցին և արգելափակեցին քաղաքացիների մուտքը ԱԺ այգի:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:
Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: