ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ ներառված է 12 հարց, որից միայն 3-ն է զեկուցվող: Կառավարությունը վաղը կքննարկի հարցերի լայն շրջանակ` դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու հարցից, պարտադիր զինծառայությունից տարկետում տալուց մինչև ՀՀ դեսպանության ստեղծում ու ՏԻՄ ընտրություններ:
ՀՀ կառավարության որոշմամբ` Քաթարի պետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ:
Նկատի ունենալով Քատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Քաթարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ (հայտագրերը կցվում են) Քաթարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
Քաթարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Քաթարի Պետության դեսպանություն:
Քաթարական կողմը պատրաստ է տրամադրել.
• տարեկան 400.000 քաթարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ,
• ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր,
• երկու ավտոմեքենա:
Քաթարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի քաթարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:
Կարգավորման նպատակը
Որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Քաթարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունք
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Քաթար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը:
