Քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար. Գևորգ Գորգիսյան

Ամենադիտվածներ

Քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար. Գևորգ Գորգիսյան

Հունիսի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ելույթի ընքացքում պատմեց երեկ տեղի ունեցած դեպքի մասին: Նրա խոսքով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Պատգամավորը նշեց, որ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք կարծել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել բաժին։

Ոստիկանի փաստաթղթերը քաղաքացուն ցույց տալուց հետո նրանց բաժնում միացել է ևս մի քանի ոստիկան, որոնք նորից ծեծել են քաղաքացուն։ Իսկ ծեծն ավարտվել է այն ժամանակ, երբ մեկ այլ ոստիկան ճանաչել է քաղաքացուն ու հայտնել, որ դա նրա տարածքն է եղել։ Քաղաքացուն, ըստ Գորգիսյանի, ուղղակի բաց են թողել։ Պատմությունն ավարտելուց հետո պատգամավորն ասաց.

«Այսինքն` քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար։ Ես կարծում եմ, ես պնդում եմ, որ սա չպետք է անհետևանք մնա … ոստիկանապետի ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա, և ցավում եմ, որ սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը ոստիկանությունը այսպես է ընկալել։ Ուզում եմ պարոն Օսիպյանին լսել՝ արդյո՞ք այսպես են ընկալել այդ հորդորը»։

Իմ քայլի պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը հերքեց այդ պատմությունը և նշեց, որ ով պատմել է Գորգիսյանին այդ պատմությունը, ստել է։ Բաղդասարյանի խոսքով՝ մարդուն հնարավոր չէ մի անգամ բակում ծեծել, հետո մեքենայի մեջ, հետո էլ ոստիկանության բաժնում։ Նա ասաց, որ ոստիկանությունը սովորաբար մարդկանց ծեծել է բաժնում, որպեսզի դա աննկատ լինի։

Գորգիսյանն էլ արձագանքեց, որ այդ ամենը տեսագրել են ականատեսները, իսկ քաղաքացին էլ քթի կոտրվածք է ստացել, որն ուսումնասիրել են բժշկական կենտրոնում։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ