fbpx
Երևան

Քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք»-ին

Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:

«Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:

«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ ապրանքագրերը և կատարողականները: Դրա հետևանքով «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ, թեև իրենց խոսքով, լավ, թե վատ, բայց աշխատել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ