fbpx
Երևան

Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին ունեցած պարտքի բյուջեից պետք է տա աշխատակիցների աշխատավարձը․ ավագանու անդամ

Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին ունեցած պարտքի բյուջեից պետք է տա ընկերության աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը:

«Ես անձամբ հիմա տղաների հետ կգնամ «Սանիթեքի» հաշվապահություն, կվերցնենք ընդհանուր պարտքի մասին տեղեկանքը, որտեղ նշված կլինի, թե իրենց աշխատողներին այս ընթացքում ինչքան գումար են պարտք մնացել: Երբ, որ ցուցակը մեր ձեռքում կլինի, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի հետ կբարձրանանք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մոտ, տեղյակ կպահենք, թե ինչքան գումարի մասին է խոսքը, բանկում հաշվեհամար կբացվի, արդեն բոլորով կորոշենք՝ այս մարդկանց գումարը երբ ենք տալու»,-ասաց Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը նշեց, որ հստակ չի կարող ասել ինչ մեխանիզմով, բայց կփորձեն աշխատավարձերը փոխանցել անմիջապես աշխատակիցների հաշվեհամարներին:

Հարցին, թե աշխատակիցները նաև բողոքում են չստացված արձակուրդների, բյուլետենների համար, դրանք ևս ներառվելու են փոխհատուցումների մեջ, պատասխանեցին, որ ոչ, քանի որ հիմա քննարկվում է օգոստոս ամսվա չստացած աշխատավարձի մասին:

«Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին վճարել է կատարած աշխատանքի չափով: «Սանիթեքը» օգոստոս ամսվա առաջին 15 օրվա կատարողականն է ներկայացրել և ըստ դրա՝ վճարվել: Մնացած օրերի կատարողականը չի ներկայացվել: Մենք չենք կարող «Սանիթեք»-ին հենց այնպես վճարել, հիմք պետք է ունենանք: Քաղաքապետարանը «Սանիթեք»-ին պարտք չունի»,- ասաց Կուբաթյանը:

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմը բողոքի ակցիայով պահանջում է Երևանի քաղաքապետարանից ընկերությանը փոխանցել օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ