Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ Արցախ աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտել են, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:
Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է արագ կառուցվող փայտե բնակարաններ:
https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1381561738862821