ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ամերիկահայ գործարար Ավո և Ռոզի Ավետիսյանների տանը կազմակերպած բարեգործական ընթրիքին: Բարեգործական ընթրիքի ժամանակ հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին: Բարեգործական ընթրիքին մասնակցել է 250 մարդ՝ այդ թվում Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, անվանի բժիշկներ Սթիվեն Քամաջյանը, Բագրատ Մարգարյանը, Ալեքս Բաքարյանը, Լի և Բեթ Օհանյանները, Անդրե և Ֆլորա Վարդանյանները, Մարի Բաստեղյանը, Լոս Անջելեսի այլ անվանի մտավորականներ, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է հիմնադրամի աշխատանքները, նպատակներն ու այն ծրագրերը, որոնք ականկալվում է իրականացնել: «Իր գործունեության մի քանի ամսվա ընթացքում հիմնադրամը աջակցել է ավելի քան 120 քաղցկեղով հիվանդ երեխաների: Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի ավելի քան հարյուր դեպք և մենք վստահ ենք, որ կկարողանանք ավելի շատ կյանքեր փրկել, եթե ունենանք շատ ֆինանսներ»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ մանրամասն ներկայացնելով այն խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում քաղցկեղի և արյունաբանական հիվանդությունների բուժման ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին միջոցառման կազմակերպման և քաղցկեղով հիվանդ երեխաներին իրենց աջակցությունը բերելու համար, Աննա Հակոբյանը նշել է, որ քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելը մեզանից յուրաքանչյուրի պարտավորությունն է և դա չպետք է ընկալվի որպես բարեգործություն:
«Մեզ այսօր այստեղ միավորել է Հայաստանի մանուկներին խաղաղ, առողջ և երջանիկ մանկություն պարգեւելու առաքելությունը: Միասին մենք կարող ենք մեր երեխաներին ավելի առողջ և անհոգ մանկություն պարգևել»,- ասել է Աննա Հակոբյանը:
Գալա-ճաշկերույթին մասնակցել է նաև Հարութ Փամբուկչյանը, ով իր կիթառը հանել է աճուրդի և վաճառել տասը հազար դոլարով՝ գումարը փոխանցելով «Ժպիտների քաղաք» հիմնադրամին: Փամբուկչյանը նշել է, որ երջանիկ է, որ կարող է օգնել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին: