fbpx
ՏՏ

Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկների բույրով օծանելիք է ցանկանում ստեղծել

Երևանում իր աշխատանքն է շարունակում WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը:

Քիմ Քարդաշյանը՝ որպես հատուկ զեկուցող, ևս ելույթ ունեցավ համաժողովի ժամանակ։

«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը՝ որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, պատմեց իր փորձի մասին, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Նա պատմեց, որ իր բիզնեսը կազմակերպում է 4-5-հոգանոց անձնակազմի միջոցով՝ շաբաթական մեկ անգամ ժողով անելով։ Նրա խոսքով՝ ինքը շատ է սիրում իր աշխատանքը։

Քարդաշյանը նշեց, որ երբեմն այդ ժողովների վայրերը փոխվում են, ու այդ տեղափոխությունները կախված են իր ճանապարհորդություններից․ նույնը լինելու է նաև Հայաստան այցից հետո։

«13 տարեկան էի, երբ մուտք գործեցի հեռուստատեսություն ու մասնակցեցի շոուների: Հասկացա, որ սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել ապագայում: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Երբեք չեմ ծրագրել լինել հանրային անձնավորություն, բայց կարող եմ ասել, որ շատ կազմակերպված մարդ եմ ու միշտ հաղթող։

Կարիերայիս սկզբում արեցի ամեն ինչ, ինչին չէի հավատում: Իմ վստահությունն ավելացավ, իսկ ուժս նմանվեց էվոլյուցիայի, և դա անում էի ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ մեծ եռանդով»,-պատմեց նա։

Քարդաշյանը նաև մեկնաբանեց, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում համատեղել անձնական կյանքն ու հանրային լինելը. «Ինչքան շատ ես սովորում կյանքիդ ամեն աստիճանին, յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հաջողությունը դառնում է կյանքիդ պատմության մի մասը, ու որքան շատ սովորես, այնքան քայլերդ ճիշտ կլինեն: Իմ կարիերայի ամենասկզբում ես չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, չգիտեի՝ ինչ է անձնական տարածքը, կարծում էի, որ նորմալ է, երբ մարդիկ տեղյակ են քո կյանքի յուրաքանչյուր մանրուքից, բայց երբ մեծանում ես ու արդեն ունես երեխաներ, սկսում ես գնահատել անձնական տարածքի արժեքը. գտել եմ հավասարակշռություն՝ տարածելու այն, ինչ պետք է. երբ շատ ես հանրայնացնում ամեն ինչը, դա կարող է վտանգել քեզ»:

Ամերիկահայ աստղը խոսել է նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:

«Շատ ներշնչված եմ Հայաստանում տեսածովս և տուն եմ վերադառնալու նոր գաղափարներով. ունեմ իրականացնելու 4 միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ