ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներ պահելու կապակցությամբ պետք է կատարվեն ուսումնասիրություններ:
«Այս միջոցառումը նախատեսված եղել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունում: Նախատեսված է եղել, որպեսզի կատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, հասկանալ, թե ինչ ռեժիմներում և ինչ հանգամանքներում է հնարավոր է նախատեսել բջջային հեռախոսները»,- ասաց նա:
Պնդմանը, որ վարչապետն ամիսներ առաջ նշել էր, թե «բազմաթիվ հանցագործություններ ՀՀ-ում կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից՝ հենց կապի միջոցների օգտագործմամբ», արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն արձագանքեց.
«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության մեջ հեռախոսների օգտագործման օրինականացման կամ իրավաչափ պայմանների սահմանման հետ կապված նշումներ առկա չեն: Հեռախոսների օգտագործման թույլտվություն չի սահմանվում այս ռազմավարության շրջանակներում տրամադրել: Իհարկե, ընդունելի տարբերակ է, որպեսզի քննարկենք սահմանափակ կարողություններով և սահմանափակ ժամանակահատվածով հեռախոսից օգտվելու հնարավորություն տալու հարցը»:
Միաժամանակ նա չբացառեց, որ ցանկացած պահի ՔԿՀ-ներում համապատասխան օպերատիվ աշխատանքների արդյունքում կարող են հայտնաբերել արգելված առարկաներ, այդ թվում՝ հեռախոսներ:
«Հայտնաբերված հեռախոսների թվաքանակն աճել է, ՔԿՀ հեռախոս ներմուծելու հնարավորությունը սահմանափակվել է, դժվարացել է, բայց չեմ ասում, որ վերացել է: ՔԿՀ-ների բոլոր պետերն աչալուրջ են, մեծ ուշադրությամբ հետևում են այս խնդրին: Ներկայումս ՔԿՀ-ներում ունենք Skype-ի հնարավորություն տվող սենյակներ, որոնցից կարող են օգտվել դատապարտյալները, դրսի հետ կապն այդպես է կատարվում։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր ու նախորդած ժամանակահատվածում այդքան էլ մեծ չէ օգտվողների թիվը, քանի որ իրենց մոտ ունեն արգելված առարկաներ»,- ասաց Գալյանը:
Աղբյուրը՝ Shantnews.am