Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։
Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին։