Քնի պակասի վնասակար ազդեցության մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ վնասակար կարող է լինել նաև քնի ավելցուկը։ Մասնագետները վստահեցնում են, որ առողջության պահպանման համար մարդու քնի տևողությունը պետք է լինի առնվազն վեց ժամ և չգերազանցի ութ ժամը, գրում է doctor.rambler.ru-ն։
Բժիշկների խոսքով՝ շատ կարևոր է մինչև 23։00 քնելը, քանի որ այդ ժամանակ է օրգանիզմում ակտիվորեն մելատոնին հորմոնն արտադրվում, որը պատասխանատու է ծերացման գործընթացների համար, ազդում է աճի հորմոնի վրա և օգնում է պայքարել սթրեսի դեմ։ Բացի այդ, այս հորմոնը նվազեցնում է օրգանիզմի ճարպաշերտերի քանակությունը, նպաստում է մկանային հյուսվածքների աճին, բարձրացնում է իմունիտետն ու վերահսկողության տակ է պահում ախորժակը։
Նորմայից երկար կամ կարճ քնելու սիրահարները կարող են զգալիորեն վատթարացնել իրենց առողջական վիճակը։ Բանն այն է, որ քնի պակասը թույլ չի տալիս ինչպես հարկն է վերականգնվել ու հանգեցնում է հոգնածության ու քնկոտության։ Այն բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի և հատկապես գլխուղեղի աշխատանքի վրա՝ հանգեցնելով հիշողության ու ուշադրության վատթարացման, դյուրագրգիռության ու հուզական ճնշվածության։