Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այց է կատարել Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Առաքելյանի Facebook-ի էջից։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։
«Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ Արցախ», – գրել է Առաքելյանը։
Նա նշել է, որ նախագահ Հարությունյանի հետ քննարկել են նաև Արցախ վերադարձող արցախցիների համար կայուն եկամտի աղբյուր ունենալու անհրաժեշտությունը, որը հանդիսանալու է հետագա ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
«Հայաստանը շարունակում է կատարել Արցախի սոցիալական անվտանգության ապահովման իր առաքելությունը», – ավարտել է գրառումը Առաքելյանը։