«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք հեռավոր գյուղերում կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Աճարկուտ գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը, Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կատարվել է դպրոցների ֆիզիկական վիճակի գույքագրում, առաջնայինն այս պահին դպրոցական շենքերի սեյսմակայնությունն է: Անցյալ տարի Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորագվեց և շահագործման հանձնվեց ԿԳ նախարարության ենթակայության 5 ավագ դպրոց, իսկ այս տարի նորոգվում է 7 ավագ դպրոց: Ներկայումս սեյսմակայնության նորմերի պահպանման խնդիր ունի ավելի քան 400 դպրոց: Տարածքային կառավարման նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի ծրագրով նորոգման աշխատաքներ են իրականացվում ավելի քան չորս տասնյակ դպրոցներում, սակայն խնդիրներ ունեցող դպրոցների թիվն անհամեմատ ավելի մեծ է: «Մեր հիմնական խնդիրն է` գտնել հավելյալ միջոցներ դպրոցաշինության ծրագրերին ուղղելու համար, – նշել է Ա. Հարությունյանը և շարունակել, – Գյուղական դպրոցների մյուս կարևոր խնդիրը բազմահամակազմ դպրոցների կրթական ծառայությունների որակն է: Այս նպատակով լուծումներ մշակվել են նախկինում, մշակվում են նաև այժմ: Առաջարկվող արդյունավետ տարբերակներից մեկը նման դպրոցներում հեռավար կրթության կազմակերպումն է և այդ ուղղությամբ աշխատնքներ տարվում են»:
ԿԳ նախարարի խոսքով տարիներով կուտակված և որպես ժառանգություն փոխանցված խնդիրների լուծումները փոխկապակցված են տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման և սոցիալական բազմաթիվ հիմնահարցերի հետ:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեյսմիկ խնդիրների ունեցող թվով 46 դպրոցի հիմնանորգման ծրագիր ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է: Այս տարի կմեկնարկի 31 դպրոցի շինարարություն, ևս 7 դպրոցում շինարարական աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն և կհանձնվեն շահագործման: Բացի այդ՝ 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 660 մլն դրամ` դպրոցների և նախակրթարանների առաջնային լուծում պահանջող խնդիրների` ջեռուցման, տանիքների նորոգման և այլ աշխատանքների համար. «Տարածքային կառավարման նախարարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 52 նախակրթարանի վերանորոգման հայտ է ստացել, անցյալ տարի նորոգվել է 14 նախակրթարան: Սրանք շարունակական ծրագրեր են, որոնց հաջողությունը մեծապես կախված է նաև համայնքների հզորացումից և զարգացումից»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ` գյուղական փոքր դպրոցները, անկախ աշակերտների քանակից պետք է պահպանվեն. «Եթե գյուղում դպրոց չի լինում, այդ գյուղը մահանում է: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր դպրոցը»,- նշել է Հ. Հովհաննիսյանը` հիշելով, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ոլորտում իրենց առաջին քայլերից մեկն է եղել գյուղական երկու դպրոցի օպտիմալացման կանխումը։ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է իրականացնել «Մեկ դպրոց, մեկ գործարար» ծրագիրը, որի շրջանակում տնտեսվարողները բարեգործական ներդրումներ կկատարեն` ստանձնելով մեկական դպրոցի հիմնանորոգման աշխատանք:
Քննարկմանը մասնակից, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի խոսքով` Աճարկուտն ունի 10 աշակերտ, 12 աշխատակից: «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի ներքին ռազմավարություն եմ մշակել, փոփոխություններ եմ կատարել, որոնք դրական արդյունքներ են տվել, բայց քանի որ հեռավոր գյուղերում մասնագետներ չկան, դա անդրադառնում է կրթության որակի վրա»,- նշել է դպրոցի տնօրենը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքում նշել է. «Հայաստանի դպրոցները վերջին 10 տարում շատ քիչ համակարգիչներ են ստացել, եղածներն էլ արդեն շատ հին են: Այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ կա 3 համակարգիչ՝ 2008 թվականի արտադրության։ Գույքի խնդիրը ևս լուրջ է, լաբորատորիաների մասին էլ չեմ խոսում», – նշել է փորձագետը։
Նշենք, որ Factor.am-ը ներկայացրել է «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում ստեղծված տեսաֆիլմ, որում անդրադարձ է կատարված Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքների կրթության հիմնախնդիրներին:
Այս մասին գրում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը։