Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։
Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։
Նշվում է, որ փոխնախարար Գալյանը ողջունել է Ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակող ներկայացուցչական կազմին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ իրականացվող ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ծրագրի շրջանակում հնարավոր կդառնա վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել ընդունելի լուծումներ: Այդ առումով Սրբուհի Գալյանը շեշտել է Հայաստանում երեխաներին վերաբերող առկա համակարգերը առավել համագործակցային և երեխայակենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և նշել, որ այդ խնդիրներն արտացոլված են Նախարարության կողմից նախագծված վերջին օրենսդրական բարեփոխումներում:
Բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։
Ըստ աղբյուրի՝ դասընթացի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ, Ծրագրի ղեկավար Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Ծրագրի փորձագետ-դասընթացավար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության ընդհանուր ռազմավարությանն ու դրանք արտացոլող իրավական նախագծերին։
Դասընթացը կշարունակվի նաև օգոստոսի 28-ին։