ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Համաձայնագիրը ատորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին. նպատակն է համագործակցության ամրապնդումը տեղեկատվական սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների զարգացման ոլորտում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է, թե ինչու՞ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները չեն վավերացրել համաձայնագիրը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ ՌԴ-ն ու Բելառուսի Հանրապետությունն արդեն վավերացրել են, իսկ մյուս երկրներում՝ ընթացքի մեջ է:
Հարակից զեկուցող Սողոմոն Սողոմոնյանը կարևորել է նախագծի անհրաժեշտությունը՝ առաջարկելով տալ դրական եզրակացություն:
Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը քննարկել և բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հեղինակի` հիմնավորված չէ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման համար կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը: Նրա համոզմամբ՝ տեղեկատվությունը խիստ արժեքավոր է և կարևոր՝ պետական գնումների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, հանրությանը իրազեկելու, ինչպես նաև լրագրողական հետաքննություններ իրականացնելու համար: Պատգամավորը նշել է, որ նման տեղեկատվությունը պետական գաղտնիքների ցանկում ներառելը լրջորեն նվազեցնում է պետության հաշվետվողականությունը հանրության առջև և իջեցնում պետական գնումների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը:
Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի դիտարկմամբ՝ նման ինֆորմացիայի տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:
ՀՀ արդարատատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը և առաջարկել գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:
Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կապահովվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են տարբեր հատուկ ծրագրերով ծառայությունների ժամկետների փոփոխությանը, երկրապահ կամավորականների կարգավիճակին: Գաբրիել Բալայանն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովականներին ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հեղինակի ներկայացմամբ՝ զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, իսկ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները հաշվարկելու առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Ըստ պատգամավորի՝ երկու օրենքների միջև առաջացել է հակասություն. արդեն կան նախադեպեր, երբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից տրված տեղեկանքում հաշվարկված ընդհանուր ստաժը և տվյալները չեն համապատասխանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված փաստաթղթում ներկայացված տվյալների հետ, և հետևաբար, չի հաշվարկվել համապատասխան կենսաթոշակ: Նախագծով հեղինակն առաջարկել է շտկել առկա անհամապատասխանությունները:
Կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Բալայանն առաջարկել է գործող օրենքի դրույթները թողնել անփոփոխ: Պատգամավորներն առաջարկել են հետաձգել նախագծի քննարկումը, կազմակերպել աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու համար որոշ խնդրահարույց դրույթներ: Սակայն Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարել խնդրահարույց դրույթներին վերաբերող լրամշակումներ: Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:
Հանձնաժողովը քննարկել է «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Բանախոսի ներկայացմամբ՝ այն հնարավորություն է տալիս ստեղծել կայուն համագործակցային կապեր ԱՊՀ մասնակից պետությունների միջև, արդյունավետ կազմակերպել և իրականացնել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության համատեղ աշխատանքները: Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչև երկամսյա ժամկետով:
Մինչև երկամսյա ժամկետով հետաձգվել է նաև Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

