Իրավական

Քոչարյանի գործը քննող դատավորին երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել:

Այս անգամ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից:

Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը բացատրեց հետևյալ կերպ.

«Դատավոր Դանիելյանը նշանակվել է սույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նախագահման տարիներին և ունեմ հիմնավոր կասկած, որ այդ տարիներին դատավոր նշանակվելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ: Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պարտադիր համարվող մի շարք չափանիշների արժևորումից, դրանք են՝ օբյեկտիվությունը, անաչառությունը և հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը: Սա Դե ֆակտո հիմնավոր կասկած է առաջացնում անկախ և անկողմնակալ դատարան ունենալով…: Դատավորին դեռևս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ մարտի 1-2-ի իրադարձութունները իշխանության կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսևորումներ են և գործով բազմաթիվ անգամ բարձրացվել են հարցեր, ինչը դիտավորյալ հպանցիկ շրջանցվել է դատարանի կողմից և կեղծված ապացույցի պայմաններում ոստիկանների ցուցմունքով դատապարտվել են տասնյակ անձինք…: Բազմաթիվ քրեական գործերով դատական նիստերով բարձրացվել են հարցեր, սակայն դատարանները, այդ թվում Դանիելյանը, շարունակել են մնալ իշխանության կամակատարը»:

Այնուհետև նա նշեց մի շարք որոշումներ, որոնք կայացվել են դատավոր Արմեն Դանիելյանի կողմից և հետագայում պարզվել է, որ այդ գործերի հիմքում դրված են կեղծ ապացույցներ, իսկ Դանիելյանի կողմից այս հանգամանքները անտեսվել են, կայացվել են անարդարացի և հավատ չներշնչող դատական ակտեր:

Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանին առաջին անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից, որը դատավորը մերժել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ