Իրավական

Քոչարյանի գործով դատավորը քննարկում է ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:

Փաստաբանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-ին դատավորը մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ընդ որում, նշվել է նախկին նախագահի կողմից քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, իսկ քննության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատարանը հաստատեց, որ ռիսկերը նվազել են, սակայն դեռևս պահպանվում են: Փաստաբանը նշեց նաև ՍԴ-ի որոշումները, որն այդ թվում նշել է որոշման հիմնավորման և կալանքի այլընտրանքի անհրաժեշտությունը: Նոյեմբերի 7-ին դատարանը կրկին մերժեց գրավի դիմաց ազատ արձակման մասին Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ընդ որում, հիմնավորումներ չնշելով:

Հաշվի առնելով դատարանի սուբյեկտիվ բացասական վերաբերմունքը՝ Հովհաննես Խուդոյանը միջնորդեց դատավորի ինքնաբացարկի մասին: Փաստաբանն օրինակ բերեց դատավոր Դանիբեկյանի այլ որոշումները, որոնք նա կայացրել է նման իրավիճակներում:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ մինչ ՍԴ-ի հայտնի որոշումը, օրենքում գրավի կիրառման հետ կապված մաս կար, և շատ դատավորներ առաջնորդվում էին եվրոպական պրակտիկայով:

«Նման դատավորներից մեկը Դուք էիք, որն առաջնահերթ էր համարում Եվրոպական կոնվենցիան և ՄԻԵԴ որոշումները: Եվ Դուք բացարձակ ճիշտ եք վարվել, ինչն ավելի ուշ հաստատվեց»,- հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հարցն այն է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման մոտեցում չցուցաբերվեց, և որ դա իրենց թույլ է տալիս խոսել երկակի ստանդարտների մասին:

Մեղադրող կողմը հանդես եկավ միջնորդության դեմ: Դատախազներ Պետրոսյանի և Բաղդասարյանի կարծիքով՝ փաստաբանները սխալ են մեկնաբանում դատարանի ներկայացրած հիմնավորումները: Դատախազ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը կրկնվում է որոշակի նյուանսներով, և դա իրավունքի չարաշահման դասական օրինակ է, որը գործընթացը փակուղի մտցնելու նպատակ ունի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ