Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Քոչարյանի պաշտպանները պնդեցին դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրենց միջնորդությունը: Մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդները միջնորդությանը չմիացան:
Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դատավորը կհրապարակի այսօր, ժամը15:15-ին:
Նշենք նաև, որ Վերաքննիչ դատարանի բակում այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները: Նրանց միջև լարված իրավիճակ է ստեղծվել:
Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև։ Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև՝ հնարավոր բախումները կանխելու համար։
Մոտ 10 րոպե տևած փոխադարձ վիրավորանքներից հետո ցուցարարների երկու խմբերը նորից բաժանվեցին ու սկսեցին իրենց ավանդական կոչերը հնչեցնել։
