fbpx
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկ չեմ ստացել. Մասիսի քաղաքապետ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, մայիսի 4-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ նոր իշխանությունների կողմից որևէ ճնշում չի զգում:

Նա չմանրամասնեց, թե իրականում ինչ է եղել այդ օրերին, սակայն խոստացավ, որ երբ ժամանակը գգա կբացահայտի: Հարցին, թե նույն կերպ կվարվե՞ր, եթե այսօր ցույցեր լինեին, հարազատներին կուղղորդե՞ր ցուցարարների դեմ բռնություն գործադրելու, Համբարձումյանը պատասխանեց, որ նախկինում էլ նման բան չի արել, ու հիմա էլ չի անի։

Նա հստակ չնշեց ուրախ է, թե ոչ իշխանությունների փոփոխությունից, սակայն ասաց, որ իր համար լավ է, երբ ժողովրդի համար է լավ։ Իսկ թե ժողովրդի համար հիմա ավելի լավ է, թե ոչ, չի կարող ասել․ ինքը շարունակում է զբաղվել իրեն դիմող քաղաքացիների խնդիրներով։

Քաղաքապետն ասաց, որ մեղադրանքի առաջադրումից հետո իր համակիրները չեն պակասել, սակայն հաջորդ ընտրություններին ինքն այլևս չի ցանկանում մասնակցել, քանի որ ուզում է այլ աշխատանքով զբաղվել, իշխանության կողմից որևէ ճնշում չկա ու չի եղել։

«Չէ՛, ժողովուրդ ջան, էս պահին սենց եմ մտածում, բայց կարող է ժամանակը գա, առաջադրվեմ։ Պետք չէ սա սարքել ինչ-որ պատմություն», – ասաց նա։

Համբարձումյանը նաև ասաց, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկ չի ստացել, բայց եթե ստանա էլ, մերժելու է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ