fbpx
Իրավական

Քրեական հետապնդում՝ նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ

ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։

Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։

Նշվում է, որ մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Գ․Խ-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ