fbpx
Կառավարություն

RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Ռևազյան

Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը անդրադարձավ Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին:

«Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի զեղչ տալ, նոր ուղղություններ մուտք կգործեն շուկա»,- ասաց նա:

Ռևազյանն ասաց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա, ինչը մեծ արդյունք է: Ռևազյանի կարծիքով դա պայմանավորված է նրանով, որ ինքը ճկուն է աշխատել. գնացել, հարցեր է տվել, հասկացել մտածելակերպը, տարբեր երկրների մասնագետների հետ խոսել, որ հասկանա՝ ինչ խնդիրներ են առաջացել այն երկրներում, որտեղ մուտք են գործել այդ ընկերությունները:

«Պարզվեց՝ նրանք հաճախ մոնոպոլիստ են դառնում, 1 կամ 5 տարի թռնում են, հետո գալիս են, ասում՝ եթե այս, այս բաները չանեք, մենք դուրս կգանք, մի միլիոն մարդ ենք բերել: Այդ պատճառով մենք զեղչեր ենք տալիս ուղղության համար. եթե չունենք Երևան-Մարսել չվերթ, 5 տարով այդ չվերթի համար օդի փողը հանում ենք: Եթե առաջին տարին մուտք է գործում RainAir-ը, ստանում է զեղչ 5 տարով, երկրորդ տարում մուտք է գործում Air France-ը, զեղչ է ստանում 4 տարով, այսինքն՝ չլինի այնպես, որ մի ընկերություն մտնի, 10 ուղղություն բացի ու մոնոպոլիստ դառնա»,- նշեց նա:

Կոմիտեի նախագահը նշեց, որ շփվում է ներդրողների հետ, տարածաշրջանի համար հետաքրքիր տեղ կարող ենք լինել: Նա հայտնեց՝ բանակցում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության հետաքրքրություն կա, օրինակ, օդաչուների, ինժեներների համար դպրոց բացելու: Նաև բանակցում են, որ գործարան բացեն այստեղ օդանավի մասերը վերանորոգելու, արտադրելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ