Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն», – ասել է Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծայրահեղականների և ահաբեկիչների փառաբանման և հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է, դա Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է:
Զախարովայի կարծիքով` նման գործողությունները հակասում են փոխշահավետ համագործակցության ոգուն և պահանջում են ամենավճռական դատապարտումը ողջ միջազգային հանրության կողմից:
