Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվանալ Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարում:
«Արքայական» ակումբը, կարծես, առաջ է անցել իր երկու հիմնական մրցակիցներից՝ «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»: Վերջին մի քանի ժամերի ընթացքում համաշխարհային մամուլը կրկին ողողվել է Նեյմարի` Մադրիդ տեղափոխվելու լուրերով:
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ՝ 27-ամյա բրազիլացու հավանական տեղափոխությունը քննարկելու համար: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր նախատեսված են մի քանի հանդիպումներ կողմերի միջև, որոնք կարող են դրական ազդել Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության վրա: Չեմպիոնների լիգայի 13-ակի հաղթողները վստահ են, որ սա իրենց շանսն է այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն մերժեց «Բարսելոնայի» արած բոլոր առաջարկները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է կլորիկ գումար վճարել Նեյմարի համար ու գործարքի մեջ ներառել Կեյլոր Նավասին և ևս երկու ֆուտբոլիստների:
Հաղորդվում է, որ Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» ձախողվել է, քանզի կողմերը վատ հարաբերություններ ունեն միմյանց հետ Մարկո Վերատիի, Ադրիան Ռաբյոյի և Իվան Ռակիտիչի տրանսֆերների ձախողման պատճառով: