fbpx
Իրավական

«Ռեստարտի» տղաների գործն ուղարկվել է դատարան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։

Այդ մասին NEWS.am–ին է հայտնել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի և նրա 5 ընկերների մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով և նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Պետրոսյանը նախնական համաձայնության գալով Յուրի Արայիկի Ավագյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսակյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով` փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ