fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հոդված է գրել: Հոդվածը անգլերենով հրապարակվել է euractiv.com կայքում: Նա իր հոդվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը չարաշահելու, իրեն սահմանադրական իրավունքներից զրկելու և մի շարք այլ հարցերում։

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին»,- գրել է Քոչարյանը։

Նրա պնդմամբ` իրեն կալանավորել են, քանի որ ինքը ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ունակ է քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մարտահրավեր նետել, հաշվետու դարձնել նրան հանրության մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցերում։

Նա իր հոդվածում անդրադարձ է կատարել նաև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: Նրա պնդմամբ՝ բանակն այն ժամանակ օգտագործվել է պետական կառույցների պահպանության, ոչ թե ցուցարարների դեմ պայքարելու համար։

Երկրորդ նախագահը հայտարարում է, որ իր կալանավորումը քաղաքական մոտիվացիա ունի։

«Այդ է պատճառը, որ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել իմ կողքին ու մարդու իրավունքների չափանիշներին, ներառյալ արդար դատավարության, խտրականությունից պաշտպանության չափանիշներին, լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել Հայաստանի իշխանություններին»,- ասվում է հոդվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ