Rolex-ի վաճառքն առաջին անգամ գերազանցել է 10 միլիարդ դոլարը, հայտնում է Morgan Stanley-ն։ Շվեյցարական շքեղ ժամացույցների գերիշխող բրենդը 2023 թվականին արտադրել է 1,24 միլիոն ժամացույց՝ 10,1 միլիարդ շվեյցարական ֆրանկ (11,5 միլիարդ դոլար) վաճառքով:
Դա 11% աճ է 2022 թվականի համեմատ, ասել են Morgan Stanley-ի և շվեյցարական LuxeConsult ընկերության վերլուծաբանները՝ հավելելով, որ Rolex-ի շուկայական մասնաբաժնի ներկայիս մակարդակը «աննախադեպ է»:
Daytona, Submariner և Datejust մոդելների արտադրողը մեծացրել է մանրածախ շուկայի իր մասնաբաժինը մինչև 30%: «Ոչ մի այլ շքեղ ապրանքանիշ չի կարող հավակնել նման գերիշխող դիրքի իր ոլորտում», – ասվում է զեկույցում:
Ըստ վերլուծաբանների՝ անցյալ տարի Louis Vuitton-ը շքեղ պայուսակների շուկայում ուներ մոտ 19% մասնաբաժին:
Rolex ապրանքանիշը «մնում է անվիճելի թիվ 1-ը շքեղ ժամացույցների արդյունաբերության մեջ՝ ավելի մեծ վաճառքով, քան Cartier-ը, Omega-ն, Audemars Piguet-ը, Patek Philippe-ը և Richard Mille-ն միասին վերցրած», – ասում են նրանք:
Շվեյցարական շքեղ ժամացույցների վաճառքը դեռևս վերահսկվում է մի քանի բրենդների կողմից, որոնց տարեկան վաճառքը կազմում է ավելի քան 1 միլիարդ ֆրանկ: Vacheron Constantin-ը, որը վերահսկվում է Richemont-ի կողմից, 2023 թվականին առաջին անգամ միացել է 1 միլիարդ ֆրանկի վաճառքի էլիտար ակումբին։
Սպեկտրի մյուս ծայրում է Swatch Group AG-ի համանուն ապրանքանիշը, որը 2023 թվականին վաճառել է ավելի քան 2 միլիոն MoonSwatch մոդել և ընդհանուր առմամբ մոտ 5,8 միլիոն ժամացույց՝ 141 ֆրանկ միջին գնով, ասում են վերլուծաբանները։ Omega-ի հետ համատեղ ստեղծված MoonSwatch-ի հաջողության շնորհիվ Swatch-ը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ժամացույցների ամենաարագ զարգացող ապրանքանիշը:
Morgan Stanley-ի և LuxeConsult-ի թվերը գնահատականներ են, քանի որ շվեյցարական ժամացույցների ապրանքանիշերը, ներառյալ Rolex-ը, չեն բացահայտում իրենց անհատական տարեկան վաճառքները: