Արցախում տրվել է Արցախի թեմի վերբացման 30-ամյակի միջոցառումների մեկնարկը: Հանրապետական մաղթանք է հնչել Գանձասարի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Շուշիի մշակույթի և երիտասարդության պալատում տոնական համերգ կազմակերպվել, որի ընթացքում նաև երգել է ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին: Մեր անվանի ազգակիցը՝շատուշատ հռչակավոր հայերի հետ Արցախում էր «Ծագումով հայեր» նախագծի շրջանակներում:
Աշխարհով մեկ սփռված աշխարհը զարմացրած ու իրենցով Հայաստանն ու հայերին սիրելի դարձրած 80 հայորդիներ, որոնք տարբեր ժամանակներում հյուրընկալվել են «Ծագումով հայեր» հաղորդաշարին՝ Արցախում էին: 80 աշխարհահռչակ հայերին ընդունել են Մարտակերտի շրջանում: Նրանք Գանձասարի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցել են Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված հանրապետաական մաղթանքին: Շուշիում նաև աշխարհաճանաչ հայ երաժիշտների մասնակցությամբ թեմի հոբելյանին նվիրված տոնական համերգ է եղել:
Ի տարբերություն Պատրկ Ֆիորիի, Ռոզի Արմենն առաջին անգամ էր Արցախում: Հիանում ու բացահայտում էր մեծ հայրենիքի այս փոքրիկ պատառիկը, զարմանում ՝ ունեցած զգացողությունից: Ընտանեկան հուշերն արթնացել են ու թվում է՝ ինքը տուն է վերադարձել:
Աշխարհահռչակ երգչուհին մտովի պապենական օջախն է տեղափոխվել արցախյան Ծաղկաշատում՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան այցի ընթացքում՝ ըմբոշխնելով հայկական կերակրատեսակների համն ու բույրը, ավանդական նվագարանների հնչյունները:
«Ծագումով հայեր» հաղորդաշարն իր 300- ից ավելի հերոսներից 80-ին բերել է Արցախ. կազմակերպիչները սա յուրօրինակ ուխտագնացություն են համարում՝ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին ընդառաջ: Սփյուռքից ժամանած հայերի համար այն առիթ էր նաև ծանոթանալու արցախցիների հետ, հուզական ընկալումից զատ՝ զգալու հերոսական պատմություններով, պատերազմով ու կենսասիրությամբ հայտնի հայրենիքի այս հատվածի ֆիզիկական ձգողականությունը:
Արցախյան բացահայտումները երկօրյա այցով չեն սահմանփակվի, ասում են աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերը: Ընդ որում նախատեսվում են նաև մշակութային այցեր. գալ ու նորից երգելու խոստում հանդիսատեսին տվել է Պատրիկ Ֆիորին: Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ հաջորդ տարի Արցախում կազմակերպվելու է Ռոզի Արմենի մենահամերգը:
Աղբյուրը՝ armradio.am