Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների ցանկալի մարմինը չէ, իսկ այն որակումը, որ ԲԴԽ-ն «տյունինգ» արված է, անհասկանալի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ԲԴԽ-ի նոր կազմի ձևավորումից հետո կարծիք է ձևավորվել, որ ԲԴԽ–ն կատարում է իշխանությունների ցանկությունները։
Դիտարկմանը, թե ԲԴԽ-ն ժամանակին չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքը և թույլատրեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, Վարդազարյանն ասաց.
«ԲԴԽ-ն իրականացնում է մի գործառույթ, որը չի ենթադրում կանգնել դատավորի կողքը։ ԲԴԽ-ն օժտված է ապահովելու դատական իշխանության և դատավորի անկախությունը. դատավորի կողքը կանգնելը կամ նրան ամեն գնով պաշտպանելը դա այդպես չէ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե այժմ համարում է, որ այդ կերպ ապահովել են Դավիթ Գրիգորյանի անկախությունը, Վարդազարյանը պատասխանեց.
«Դատավորի անկախությունը ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության կամ կոնկրետ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ։ ԲԴԽ-ն ընդամենը համարել է, որ դատախազության և նախաքննական մարմնի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար են եղել, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրվի, եթե նախաքննության մարմիններն ուզեն 10-20 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականցել և դրա համար ներկաացնեն բավարար հիմքեր, ԲԴԽ-ն նմանատիպ դիրքորոշում կձևավորի, եթե գտնում է, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ապա կմերժի ներկայացված միջնորդությունները»,–ասաց նա՝ նշելով, որ այս ամենն իրավական գործընթաց է։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։
Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։