«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող գործողությունները, որը սպառնում է Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին:
Սկրիպալի գործին անդրադառնալիս Մեյը նշել է, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատասխանատուն Ռուսաստանն է: Մեյը պահանջել է Ռուսաստանից բրիտանական իշխանություններին արտահանձնել թունավորման մեջ մեղադրվող ռուս երկու քաղաքացիներին, որոնք ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են:
Մինչ հանդիպումը «Ֆայնենշըլ թայմզին» տված հարցազրույցում Մեյլը հայտարարել էր, թե դավաճանությունն ամենավատ բանն է երկրի վրա, և դավաճանները պետք է պատժվեն: