ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմակայանն արդիականացվում է և սպառազինության տեսանկյունից, և նյութատեխնիկական ապահովման՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու. «Ավելի շուտ, տարբերակումներ են լինում: Ինչ-որ տարածք, եթե, օրինակ, էլ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց այդ բոլոր տարածքները մնում են որպես ՀՀ տարածք, պարզապես դրանք տրվում են օգտագործման համար»:
Ինչ վերաբերում է ռուսական «Օրսիս» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած զինատեսակների կասեցման գործընթացին, Դավիթ Տոնոյանը նշեց. «Եղել է հանցավոր արարք: Իսկ թե ում կողմից և ինչ ծավալի, ինչպես, կպարզի նախաքննությունը»:
Գրում է Aravot-ը։