Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Երկու երկրների ղեկավարները ընդգծել են համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ հիվանդների բուժման և պատվաստանյութերի մշակման հարցերի մասով: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք մարզերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար:
Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդհանուր պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ ջանքերը Իդլիբի էսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում՝ այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը լրացնող արձանագրությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտահոգություն են հայտնել Լիբիայում սաստկացած բախումների կապակցությամբ: Նշվել է անժամկետ զինադադարի և միջլիբիական երկխոսության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների հիման վրա, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւով:
Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ակտուալ կողմերին: