Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից:
Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն է բազմամարդ ցույցերի գլխավոր պահանջը, որը մինչ այժմ չի բավարարվել: Ի սկզբանե պահանջներն ավելի շատ էին:
Հիշեցնենք, որ Խորհրդարանի խոսնակի հրաժարականին ցուցարարները հասան հենց առաջին հավաքից հետո: Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ իշխանությունը կատարում է նաև խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին վերադառնալու պահանջը:
Հայտնի դարձավ նաև, որ ցույցի ընթացքում հատուկ միջոցներ կիրառած որոշ իրավապահների լիազորություններ դադարեցվել են, երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հաղորդում է aliq.ge-ն:

