Սահմանադրությունը պետության ողնաշարն է. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը

Ամենադիտվածներ

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ:

Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:

Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ: Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի և յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը:

Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով և միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման և փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:

Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, և այսօր` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության։

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ», – ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/567973740326111/photos/a.575009379622547/713895329067284/?type=3&theater

Ամենաթարմ