Հնդկաստանը որոշել է սահմանափակել միջազգային շուկաներում շաքարի վաճառքը։ CNN-ը հաղորդում է, որ երկրի իշխանությունները մինչև սեպտեմբեր շաքարի արտահանումը կնվազեցնեն՝ հասցնելով 10 միլիոն տոննայի։ Բացի դրանից՝ շաքար արտահանելու համար վաճառողները պետք է իշխանություններից հատուկ թույլտվություն ստանան հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Նարենդրա Մոդիի կառավարությունը հայտնել է, որ հարկավոր է գործողություններ ձեռնարկել շաքարի պաշարները երկրում պահելու համար՝ անցյալ տարի և ընթացիկ սեզոնում արտահանման աննախադեպ աճի ֆոնին։
Հնդկաստանը շաքարի՝ աշխարհում ամենախոշոր արտադրողն է և երկրորդ ամենախոշոր արտահանողը Բրազիլիայից հետո։
Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունն ունեցող երկրում ապրիլին մանրածախ վաճառքի գներն աճել են 7,8%-ով` հասնելով 8 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին։
Լրատվամիջոցը նշում է, որ ընդհանուր առմամբ, աշխարհում խոշոր արտադրողները կրճատում են գյուղատնտեսական մթերքների արտահանումը՝ ավելացնելով պարենի մատակարարման պակասը, ինչը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով։ Ուկրաինային և Ռուսաստանին միասին բաժին է ընկնում ցորենի արտահանման շուրջ 30 %-ը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հնդկաստանը նաև արգելել է ցորենի արտահանումը։