Մոսկվան և Անկարան Սիրիայի հարցում համաձայնության են եկել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ գրեթե 6 ժամ տևած բանակցություններից հետո:
ՌԴ նախագահը այդ պայմանավորվածությունները կոչել է շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ներկայիս ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի:
Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում:
Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք՝ բացառությամբ Ղամիշլիի։
Քրդական զորամիավորումներն, ըստ համաձայնագրի, դուրս կգան Մանբիջից և Էլ Ռիֆաթից: