fbpx
Հասարակություն

Կապուտաչյա հերոսը․ Սամվելի զոհվելուց հետո Աննան սիրելի մասին գիրք գրեց

«Կապուտաչյա հերոսը»․ այսպես է վերնագրել Աննա Մկրտչյանը գիրքը, որում պատմել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սիրելիի՝ Սամվել Գևորգյանի մասին։

Սամվելն ու Աննան ծանոթացել են 2018 թվականին, իսկ 2019 թվականին Սամվելը մեկնել է ծառայության։ «Երբ ծանոթացանք, մտածում էի, որ Սամվելը մեծ է ինձնից տարիքով։ Ինքը շատ հասուն էր մտածում ու շատ խելացի էր։ Ու երբ պարզվեց տարեկիցներ ենք, շատ էի զարմացել։ Սկզբում մեր շփմանը շատ լուրջ չէի վերաբերում»,- հիշում է Աննան։

Աննային ու Սամվելին կապել է նույն մասնագիտությունը՝ ծրագրավորումը։ Աննան ու Սամվելը շատ նպատակներ ունեին, մտադիր էին իրենց ծրագրավորման ընկերությունը հիմնել։

Աննան ասում է՝ Սամվելը իր կապույտ աչքերվ բոլորից տարբերվում էր։ «Ճիշտն ասած, ես մինչ իրեն հանդիպելը, չեմ սիրել կապույտ աչքերով տղաներին, բայց առաջինը հենց նրա աչքերն են տպավորվել իմ մեջ»։

Սամվելը 2019 թվականի հունվարի 22–ին զորակոչվել է բանակ։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո քննություն էր հանձնել, կրտսեր սերժանտի կոչում ստացել ու ծառայությունը Արցախում՝ Մարտակերտում շարունակել։

«Ինքը շատ էր ուզում ծառայել։ Իր մասնագիտությամբ ևս շատ բան կարող էր անել իր երկրի համար, բայց միշտ ասում էր՝ գնամ բանակ-գամ անպայման կանեմ։ Շատ էր ուրախացել, որ Արցախում է ծառայելու»,- ասում է Աննան։

Արցախյան պատերազմը սկսվելու առաջին օրվանից Սամվելենք եղել են դիրքերում։ Ամեն օր զանգել է մորը ու Աննային։
«Ամեն օր էր զանգում, բայց շատ կարճ էր խոսում։ Ամենաերկարը խոսել ենք, երբ վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 7-ին։ Սամվելը միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Երբ խոսում էինք միշտ ասում էր քեզ լավ նայի, շատ ուրախ էր, կարծես պատերազմի մեջ չլինի»։

Աննան հիշում է՝ Սամվելը միշտ ասում էր՝ իրեն շատ է սիրում ու թող սպասի զանգին։

«Մի քանի օր էր անցել պատերազմից, զանգեց, ասաց Մատաղիսում կրում ենք, բան չնաց»,- ասում է Աննան։

Սամվելենց վաշտը կռվել է Թալիշում, Մատաղիսում ու Ներքին Հորաթաղում։ «Սամվելը հրետանու հաշվարկի հրամանատար էր, ու իր ենթակայության տակ 3-4 զինվորներն են եղել։ Մենք իր զոհվելուց հետո ենք իմացել, որ Մատաղիսի ուղղությամբ Սամվելն ու ընկերները, 4 հատ 120 հոգանոց հակառակորդի խումբ են ոչնչացրել, մեծ կորուստներ են տվել թշնամուն»,- պատմում է Աննան։

Սամվելը զոհվել է Մատաղիսի դիրքերում ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 8-ին, իր ծննդյան նախօրեին։ «Իրենց նահանջի հրաման են տվել, ինքը չի հասցրել դուրս գա տեխնիկայից»,- ասում է Աննան։

«Հոկտեմբերի 8-ին չզանգեց ո՛չ ինձ, ո՛չ ծնողներին, բայց մի տեսակ հանգիստ էի։ Նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 9-ին, բոլոր հարազատները հավաքվել էին Սամվելենց տանը, որ նրա ծնունդը նշեն։ Սամվելի հայրը չի ուզել առանց որդու ձայնը լսելու նրա կենացը խմել ու ծնունդը շնորհավորել։ Զանգահարել են հրամանատարին, հեռախոսը վերցրել է ու ասել, որ Սամվելը էլ չկա»,- դողացող ձայնով ասում է Աննան։

Աննային Սամվելի ծնողները չեն կարողացել հայտնել որդու զոհվելու լուրը։

«Գիշերը ժամը երկուսին մոտ էր, պառկեցի քնելու, բացեցի Faceboоk-ն ու առաջին նկարը, որ տեսա Սամվելի նկարն էր, վերևում գրված՝ ննջիր խաղաղությամբ»։

Սամվելի զոհվելուց հետո Աննան նամակներ է գրել սիրելիին, պատմել իր զգացածի ու ապրումների մասին։ «Մի օր էլ մտածեցի գիրք գրելու մասին։ Նախ, երբ դեռ չէի սկսել գրել, առաջինը աչքիս առաջ պատկերացրել եմ գրքի շապիկը։ Շատ անգամներ գրել ու ջնջել եմ, գրքում ամեն մի տողը քննարկել եմ Սամվելի հետ՝ գրե՞լ, թե՝ չգրել։ Ամենադժվարը պատերազմի մասին գրելն էր, իսկ մինչ այդ միայն ժպիտով էր գրվում յուրաքանչյուր բառը։ Անչափ հաճելի է հիշել միասին անցակցրած լուսավոր պահերն ու դրվագները, միաժամանակ սիրտս ցավում է, երբ հանկարծ հիշողություններից վերադառնում եմ իրականություն»,- ասում է Աննան։

Գրքի շապիկին Սամվելի ու Աննայի նկարն է, հետևում էլ՝ Ներքին Հոռաթաղի եկեղեցին է։

Աննա գրքում պատել է իր և Սամվելի պատմությունը սկզբից՝ ինչպես են ծանոթացել, իրենց հանդիպումների մասին։ Պատմել է իրենց հարաբերությունների մասին, իր ու Սամվելի ընտանիքի շփման մասին։

«Ափսոս, որ այսքան կարճ տևեց։ Շատ բան էի ուզում գրել, ու շատ եմ գրել-ջնջել, եթե չջնջեի երևի հիմա հազարից ավել էջ կլիներ, հետո հասկացա` կան բաներ, որոնք պիտի մեր մեջ մնան պետք չի հանրայնացնել, ինձ համար դվար էր ընտրել՝ ինչն է ճիշտ գրել, ինչը՝ չէ»,- ասում է Աննան։

Աննան գրել է իր ու Սամվելի երազանքների մասին։ Ասում է՝ Սամվելը սիրում էր, երբ ընտանիքում շատ անդամներ են լինում, ուզում էր շատ երեխաներ ունենալ։ «Իր համար ընտանիքը շատ կատևոր էր, երազում էինք սիրուն ու երջանիկ ընտանիք ունենալ։ Շատ էր սիրում ծնողներին, ուզում էր ամեն բան անել իրենց համար»,- հիշում է Աննան։

Աղջիկը մինչ օրս այցելում է Սամվելի ծնողներին, ասում է՝ իր ընտանիքն են, գրքի առաջին օրինակն էլ հենց նրանց է նվիրել։

Աննա որոշել է գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցել է վիրավոր զինվորների բուժմանը։ «Կարծում են ինքս կգտնեմ զինվորի, ով ունի ֆինանսական օգնության կարիք»,- ասում է Աննան։

Աննան ասում է՝ գրքից ստացված գումարը միշտ բարի նպատակների է ծառայելու․ «Սամվելն ու իր բարությունը միշտ ապրեու են․․․»։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ