Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել:
Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին.
«Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ:
Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին՝ այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար»,- ասել է Սարգիս Ադամյանը: