Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ Այն Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։
Նախագահ Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։
Նախագահն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարությունների մշակմամբ ու զարգացմամբ։ Ռեկտոր Ալեքսանդր Կուլեշովը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ինստիտուտի ենթակառուցվածքային հնարավորությունները, կրթական ու նորարարական նախագծերը։ «Շատ ուրախ կլինենք կապեր հաստատել Հայաստանի, հայկական գիտական հանրության հետ»,- նշել է Կուլեշովը։ Շրջայցի ընթացքում նախագահը հանդիպել է ինստիտուտում աշխատող մի խումբ գիտնականների հետ, որոնք ներկայացրել են են արհեստական բանականության ու հեռահաղորդակցության ոլորտում իրենց մշակումները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գիտական ու կրթական միջավայրը ժառանգել է խորհրդային տարիների լավագույն ավանդույթները։ «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների լավ դպրոց։ Մեծ հետաքրքրություններ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք Սկոլկովոյի գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ծրագիր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ մասնավորապես ներկայացնելով նախագահական ATOM նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության մշակումն ու զարգացումն է։