Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապացույցներ կներկայացնի թագավորության արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Gulf News-ը:
«Կներկայացվի նաև այն զենքը, որն օգտագործվել է հարվածներ հասցնելու համար»,-հայտնել են գերատեսչությունից:
Չորեքշաբթի տեղի կունենա Պաշտպանության նախարարության ներկայացուցչի մամուլի ասուլիսը, որի ընթացքում էլ կհաղորդվեն մանրամասները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարանների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական մոտ 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը: