fbpx
Խորհրդարան

ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովը քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները

Երևանում ապրիլի 16-ին անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:

Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:

Բացման խոսքում ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես կազմակերպության և նրա խորհրդարանական ձևաչափի հիմնադիր անդամ, կարևորում է տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ըստ նրա` ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում:

«Մենք ձգտում ենք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար և միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը: Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է Լենա Նազարյանը: Մեր երկրի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագհն առանձնացրել է նորարարական և բարձր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և վերականգնվող էներգետիկան: «Անկասկած, տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը և տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու և կայունության ամրապնդման համար»,- նշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Անրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծել է, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովությունը, կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչները: Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին պետական կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղված են եղել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործմանը` կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման գործընթացում առկա ռիսկերը նվազեցնելուն, ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելուն, կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման գործընթացի վարչարարությունը պարզեցնելուն: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ԵՏՄ անդամ պետությունների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանը եվրոպական երկրների հետ պարբերաբար քննարկում է կենսաթոշակային ապահովության բնագավառին առնչվող խնդիրներ:

Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները կնպաստեն կազմակերպության վարկանիշի հետագա բարձրացմանն ու ավելի գործնական արդյունքներ ունենալուն:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային և կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ:

Անուշ Բեղլոյանն ընդգծել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսվում է նաև պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափը:

Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բոկովան:

Ամփոփելով ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ Թուրքիայի ներկայացուցիչ Մետին Գյունդոգդուն նշել է, որ քննարկումները միտված էին կենսաթոշակային համակարգերի բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սերբիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ