fbpx
Քաղաքականություն

ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարո՞ղ է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՞ ոչ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը իր Facebook-ում գրել է

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ
ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է, ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ

Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»:

Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը Հանրապետության Նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, Սահմանադրության 139 հոդվածի 3-րդ մասի հիման վրա համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել և վերջ:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ
Օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել: Իհարկե, ՍԴ -ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակում չստեղծվի: Օրենքները կարգավորում են այս կամ այն ոլորտի իրավահարաբերությունները և որևէ նորմի գործողության կասեցումը կարող է հանգեցնել իրավական վակումի՝ անդառնալի հետևանքներով: Ինչ վերաբերվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հանրապետության նախագահի կողմից ՍԴ բողոքարկելուն, նախ նախահագի աշխատակազմի հայտարարությունից պարզ չի դառնում, թե օրենքի որ նորմի սահմանադրականությունն է բողոքարկվել: Այս փաստը հայտնի կդառնա, երբ հրապարակվի նախագահի ՍԴ ներկայացրած դիմումը: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ամբողջությամբ է բողոքարկվել, ինչը կարծում եմ իրատեսական չէ, քանի որ նման քայլը անհեթեթ և անմիտ է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն կարգավորում է քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Այսինքն, անհեթեթ են բոլոր այն պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո այդ օրենքի որևէ նորմ իբր չի կարող կիրառվել: Նման մոտեցումը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակապետական՝ հաշվի առնելով օրենքի կարգավորման շրջանակը:

Հ.Գ. Նախագահի կողմից գործող օրենքի նորմը բողոքարկելու հարցը ևս իրավական բանավեճի առարկա է: Սահմանադրության՝ մինչ այժմ կիրառված պրակտիկայի տրամաբանությամբ նախագահը օրենքի միայն նախագծի սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ: Այսինքն, ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարող է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՝ ոչ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ