Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 21 ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք՝ ՀՀ Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»:
Հայցվոր կողմը հայցը պնդեց ամբողջությամբ, իսկ պատասխանող կողմն՝ առարկեց: Նշենք, որ ո՛չ Սեդրակ Քոչարյանը, ո՛չ էլ Արթուր Վանեցյանը նիստին ներկա չէին:
Նախքան դատական նիստը սկսելը դատավորը կողմերին հարցրեց, թե արդյոք կո՞ղմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ: Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Անի Ալավեդյանը հայտարարեց, թե հաշտությանը դեմ չեն, եթե պատասխանող կողմը հերքի տեղեկությունները, որոնք հրապարակվել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ ասաց, թե չեն կարող հաշտվել, քանի որ հայցվոր կողմը հաշտությունը տեսնում է միայն հայցի բավարարման ձևով: Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերում Սեդրակ Քոչարյանին։ Պաշտպանը հավաստեց, թե ընդհանրապես Արթուր Վանեցյանն այս գործով ոչ պատշաճ պատասխանող է։ Ըստ նրա՝ այս գործով պատասխանող պետք է ճանաչվեր Հայաստանի Հանրապետությունը: Ըստ Վահագն Գրիգորյանի՝ հայցը ենթակա է մերժման, քանի որ հայցվորը «միայն ենթադրել է, որ դրանք /այդ խոսքերը-խմբ./ ուղղված են իրեն , քանի որ օբյեկտիվորեն այդ հայտարարություններցի նման բան չի բխում»:
«Ինձ համար այն հանգամանքը մնում է չհիմնավորված, որ այս արտահայտությունները լսելիս սովորական ընթերցողը պետք է մտածի առաջին հերթին Սեդրակ Քոչարյանի մասին: Ես կարծում եմ, որ նման մոտեցումն անհիմն է, արտահայտությունները ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել հենց Սեդրակ Քոչարյանին»,- ասաց Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:
Հաղորդում է shantnews.am-ը։